Նոյեմբերի 17-ին regnum.ru-ն անդրադարձել էր հայկական ուղղաթիռի կործանման փաստին և հրապարակել հարցին առնչվող մի հարցազրույց MK-ից, որը և ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Նոյեմբերի 12-ին Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծին շատ մոտ խփվեց Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ԾԼ-24 ուղղաթիռը: Հայկական կողմի հաղորդմամբ՝ ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր կատարում: Ադրբեջանցի զինվորականները հաստատում են, որ ուղղաթիռը գրոհում էր իրենց դիրքերն ու ոչնչացվեց պատասխան կրակով: Զոհվեցին ռազմական երեք օդաչուներ: Միջադեպի վայրում սկսվեց ինտենսիվ կրակահերթ: Ի՞նչը դարձավ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի նոր «ապասառեցման» պատճառ: «ԾԽ»-ի ընթերցողներին իր տեսակետն է ներկայացրել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԸ:
-Որոշ փորձագետներ այս սադրանքը գնահատեցին իբրև Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացման փորձ: Համաձա՞յն եք:
-Ես համաձայն չեմ, որ ուղղաթիռի միջադեպը ծրագրված սադրանք էր՝ Արևմուտքի պատվերով: Իմ կարծիքով՝ կատարվածը սահմանային լարվածության հետևանք էր: Լարվածության սրման հետևանք՝ ադրբեջանական կողմից:
-Որոշակի ինչո՞վ է այդ լարումն արտահայտվում:
-Երկար տարիներ Ադրբեջանի բնակչությունը դաստիարակվում է հայերի նկատմամբ ատելությամբ, համոզված, որ հայերը թշնամիներ են, ու նրանց հետ պետք է կռվել մինչև վերջին մարդը: Գաղափարական այդ ներշնչանքը հատկապես ինտենսիվ է զինված ուժերում: Սահմանային լարումը հատուկ հրահրվում է սադրանքների միջոցով: Մշտապես դիպուկահարների կրակոցներ կան, դիվերսիոն տարբեր խմբեր են ուղարկվում հայկական կողմ: Դա հասկանալի մարտավարություն է, որ ժամանակին կիրառել է և Սաակաշվիլին Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեմ:
-Ի՞նչ խնդիրներ են դրանով լուծվում:
-Հակառակորդին հանգիստ չտալ, ստիպել զիջումների գնալ բանակցություններում, գոյության անտանելի պայմաններ ստեղծել նրա համար: Այդ մարտավարությունը մենք հիմա տեսնում ենք Դոնբասում, երբ ուկրաինական բանակը մշտապես գնդակոծում է ընդդիմադիրներին ու խաղաղ բնակչությանը՝ անտանելի պայմաններ ստեղծելու և հակառակորդին կապիտուլյացիա կամ զիջումներ պարտադրելու նպատակով: Ադրբեջանական կողմի այդ քաղաքականության պատճառով՝ սահմանին կանգնած զորքերը մշտապես գերլարված վիճակում են և աչքի ընկնելու ցանկացած հնարավորություն օգտագործում են: Հենց այդպես էլ ուղղաթիռը խփվեց:
-ՈՒղղաթիռը խփած զինվորականը մեդալով է պարգևատրվել…
-Սահմանին կանգնած զինվորականները հիանալի հիշում են՝ ինչպես Ադրբեջանը Հունգարիայից հետ բերեց իր սպային, որ կացնահարել էր հայ գործընկերոջը: Նրան ոչ միայն չպատժեցին, այլև պարգևատրեցին, բնակարան տվեցին ու ազգային հերոս հայտարարեցին: Զինվորականների մեջ ստեղծվել է տպավորություն, որ հայ սպանելը ուղիղ ճանապարհ է դեպի փառք ու պարգևներ, ոչ մի պատիժ չի լինի:
-Ինչպե՞ս է արձագանքում հայկական կողմը:
-Հայկական կողմը, բնականաբար, ստիպված է հակադարձել: Առավել ևս, որ հայերը գուցե ենթադրում էին, թե ուղղաթիռում կարող են լինել վիրավորներ և փորձում էին նրանց տարհանել՝ ուղղաթիռն ընկել էր չեզոք գոտում: Ծավալվեցին մարտական գործողություններ: Հայկական կողմը ևս խիստ զայրացած է մշտական սադրանքներով: Բանակը մարտի է նետվում, ուզում է պատժել ադրբեջանցիներին: Բաքվի քաղաքականությունն է հանգեցրել այս իրավիճակին:
-Ո՞Ւմ շահերից է բխում Ղարաբաղում նոր կոնֆլիկտը:
-Ես չեմ կարծում, որ հիմա որևէ մեկը շահագրգռված է լուրջ կոնֆլիկտով: Ալիևը, գուցե, ուզում է ցուցադրել ներքաղաքական խնդիրների լուծման վճռականությունը՝ զգալով իր խոցելի վիճակը գունավոր հեղափոխության առաջ: Արևմուտքը վաղուց է նրա դեմ գունավոր հեղափոխություն պատրաստում: Դեռ 2005-ին փորձ արվեց, բայց ձախողվեց: Մոսկվան այն ժամանակ Ալիևին պաշտպանեց և քաղաքականապես, և ֆիզիկապես: Իսկ հիմա Արևմուտքը խիստ շահագրգռված է Ալիևի պաշտոնանկությամբ, քանի որ դեպի Կասպից ծով միջանցք է որոնում: ՈՒկրաինայի իրադարձությունների հետ կապված՝ Արևմուտքը ձգտում է մեծացնել ներկայությունը հետխորհրդային տարածքում: Նրանք մտադիր էին պաշտոնանկել Ալիևին և նշանակել արևմտամետ գործչի: Ալիևը վախենում է ապակայունացումից, և Արևմուտքը նրան պարզապես շանտաժի է ենթարկում՝ հարկադրելով ավելի ենթարկվող լինել և արևմտամետ քաղաքականություն վարել: Իսկ ուղղաթիռի միջադեպը նրան հնարավորություն տվեց ուժ ու հաստատակամություն ցուցադրել:
-Հնարավո՞ր է, որ միջադեպը հանգեցնի պատերազմի:
-Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմով շահագրգռված չէ՝ չի դիմանա այդպիսի պատերազմի: Հետևանքները կարող են սարսափազդու լինել: Դա կլինի Ադրբեջանի վերջնական տրոհումը: Եթե 90-ականների սկզբին ազգային փոքրամասնությունները, օրինակ՝ թալիշները, պատրաստ չէին անջատվելու, հիմա արդեն կան որոշակի խմբեր, որ պատրաստ են գործը անջատման հասցնելու: Ալիևին արդեն ոչ ոք չի պաշտպանի՝ ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը: Ադրբեջանի տրոհումը լիովին հնարավոր է: Ալիևների կլանի ճակատագիրը ևս հարցականի տակ կլինի: Եթե պատերազմը երկարի և հաջողություններ չլինեն, նրան արդեն պաշտոնանկ կանեն, բոլորովին բացառված չէ լիբիական տարբերակը: Այդ պատճառով Ալիևը չի ցանկանում ռիսկի դիմել ու մեծ պատերազմի մեջ խրվել: Բայց նա ինքն է իրավիճակը այնքան սրել, որ իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարով:
Մարինա ՊԵՐԵՎՈԶԿԻՆԱ